«Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց» գիրքը` երջանկահիշատակ Հայրապետի հիշատակին

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հրատարակությամբ լույս է տեսել «Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց» գիրքը` նվիրված երջանկահիշատակ Հայրապետի մահվան 10-րդ տարելիցին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Ռուփի եւ Նշան Տերտերյանների մեկենասությամբ գիրքը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժինը:
Գիրքը համապարփակ տեղեկություններ է տալիս Վազգեն Ա Կաթողիկոսի կյանքի եւ գործունեության մասին: Գրքում զետեղված են հոգելույս Հայրապետի անդրանիկ կոնդակը, տարբեր առիթներով ասված քարոզներ, ինչպես նաեւ Նորին Սրբության կյանքի զանազան դրվագների մասին հոգեւորականների ու մտավորականների հուշեր: Այս ամենն առավել խոսուն են դառնում շնորհիվ գրքում ամփոփված բազմաթիվ լուսանկարների:
Գրքում զետեղված են նաեւ Վազգեն Վեհափառի մահվան տարելիցի առիթով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը` անցյալ տարի Վազգեն Ա-ի մահվան 10-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկոյի մասնակիցներին: